«Պուտինի Ռուսաստանը տեսանելի ապագայում մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը կլինի Եվրոպայում»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հավելելով, որ պաշտպանական քաղաքականությունը պետք է «հանգամանորեն համապատասխանեցվի այս իրականությանը»։ Նա կոչ է արել պաշտպանել եվրոպական աշխարհակարգը և Ռուսաստանի դեմ պայքարում ուժեղացնել աջակցությունն ՈՒկրաինային։               
 

...

...
01.07.2008 | 00:00

ՀԿ-ն ՄԻԱԿ չԷ
Արմատական ընդդիմության կողմից հրապարակ նետված արտահերթ խորհրդարանական ընտրությունների «տեսլականը» լրջորեն սկսել է ազդել իշխող և իշխանամետ քաղաքական ուժերի նյարդային համակարգի վրա՝ դրդելով վերջիններիս բացահայտ կամ հետնաբեմային ակտիվ գործողությունների։ Մասնավորապես, ՄԻԱԿ-ը, իշխանամերձ աղբյուրների հավաստմամբ, հանրապետության մարզերում սկսել է ակտիվորեն աշխատել տեղական կառույցներ հիմնելու ուղղությամբ, նպատակ ունենալով հնարավորինս լավ նախապատրաստվել ինչպես հավանական արտահերթ ընտրություններին, այնպես էլ լավագույնս ամրապնդել սեփական դիրքերը՝ որպես երկրի նախագահի թիվ մեկ քաղաքական հենարան։ Միակն ու անփոխարինելին լինելու ՄԻԱԿ-ի այս անթաքույց ձգտումն ափերից սկսել է հանել հատկապես հանրապետականներին, որոնք «ջահել էնտուզիաստների» իշխանատենչ ընթացքը կասեցնելու համարժեք ծրագիր են մտմտում։ Ծրագրի «դրույթներից» մեկն էլ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին նախ պատգամավորական մանդատ, ապա խորհրդարանի խոսնակի աթոռ շնորհելն է, ինչը թույլ կտա վերջինիս՝ լուրջ վերադասավորումներ իրականացնել Ազգային ժողովի ներսում՝ հնարավորինս ամրացնելով ՀՀԿ-ի թուլացող դիրքերը։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Բոլորը կմնան բորդյուրի՞ն
Հայ-թուրքական հարաբերությունները թեմայով երեկ «Հայելի» ակումբում բանավիճում էին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը և պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը: Պատմագիտական համատեղ հանձնաժողով ստեղծելու առնչությամբ վերջերս Սերժ Սարգսյանի հայտարարությանն անդրադառնալով` Տեր-Աբրահամյանը հետևյալ դիտարկումն արեց. «Հայաստանի ոչ մի ղեկավար նման բան չի ասել, և Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, վստահ եմ, չի ասի, քանի որ պատմական իրողությունների խնդիր է դրված: Հայաստանի համար այսպիսի հանձնաժողովի աշխատանքը պարզապես ծուղակ է»: Հակառակը պնդեց Պարույր Հայրիկյանը, նշելով, որ Տեր-Պետրոսյանը ևս այդպիսի քայլ կարող է անել: «Այսօր Հայաստանն իր դիվանագիտությամբ այնպիսի թույլ, խղճուկ և ոչ առողջ վիճակում է, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս մտահոգության հարց է մեկ այլ պետության հետ առկա կոնֆլիկտը: Սա Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժառանգական մտածողության հետևանք է: Նրանք նույն թիմն են», -ասաց Հայրիկյանը:
Խոսակցության ուղղությունը տեղափոխելով ներքաղաքական հարթակ` Տեր-Աբրահամյանը Հայրիկյանից հարցրեց` ինչո՞ւ մեզ հետ չեք: «Որդին ասում է հորը՝ ինչո՞ւ իր հետ չէ: Սերժն ու Լևոնը իրար կմիանան, և բոլորդ բորդյուրի վրա կմնաք», -փոխադարձեց Հայրիկյանը:
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քաղաքական «ֆուտբոլ»
Ըստ «Ռեգնում» գործակալության, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ինքը պատրաստվում է Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու համար Երևան հրավիրել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին, Անկարայում ընկալվում է որպես հայ-թուրքական հարաբերություններում լարվածության լիցքաթափման ձգտում։ Ավելին, «Ռեգնումի» պնդմամբ. «Թուրքական «Հուրիեթ» թերթը, հղում անելով կառավարության իր աղբյուրներին, պնդում է, որ Հայաստանի նախագահի առաջարկությունը Անկարայում դրական է ընկալվել, սակայն պաշտոնական հրավեր Երևանից առայժմ չի ստացվել։ Թերթը նշում է, որ Երևան-Անթալիա ավիաչվերթի բացումը ևս մեղմացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները։ Նշվում է, թե այս տարի Անթալիայում սպասում են շուրջ 50 հազար հայ զբոսաշրջիկների»։
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ժամանակ են ձգում
Այս տարվա դեկտեմբերին Վրաստանը կարող է չարժանանալ ՆԱՏՕ-ի անդամության թեկնածուի կարգավիճակին, ինչը ենթադրում է անհատական գործողությունների ծրագրով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հատուկ հրավերի ստացում,- պնդում է կատարել «Կավկազ-պրեսս» գործակալությունը, որը մասնավորապես նշում է. «Եվրամիությանը և Եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով նախարար Գեորգի Բարամիձեն, ավարտելով իր հանդիպումը ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Դենիել Ֆեյտի հետ, պարզաբանեց, որ ՆԱՏՕ-ին անդամակցության հրավեր Վրաստանը կստանա կա՛մ այս տարվա դեկտեմբերին, կա՛մ 2009-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ»։ Բարամիձեն ընդգծել է նաև, որ իրենք ինտենսիվ աշխատում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ այդ ուղղությամբ և համոզված են, որ անդամակցության հրավերի ստացումը կամ թեկնածուի կարգավիճակը կամրապնդի Վրաստանի դիրքերը միջազգային հարաբերություններում։
Վ. Մ.

Լենմարկերի ոսկե հնարավորությունը
«Այսօր կա ոսկե հնարավորություն ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ Մի քանի տարի մենք ձգտում ենք նրան, որպեսզի հասնենք այդ հակամարտության կարգավորմանը։ Միջանկյալ լուծում արդեն կա, և այն դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների վրա։ Ես ուզում եմ ասել, որ հիմա հայտնվել է իսկապես ոսկե հնարավորություն այս հակամարտության լուծման համար»,- «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, այդ վեհաժողովում Ղարաբաղի հարցով նախկին զեկուցող Գորան Լենմարկերը։ Վերջինս, սակայն, չի ճշտել, թե ինչում են կայանում հիշյալ միջանկյալ լուծումը և այն «ոսկե հնարավորությունը», որ պիտի նպաստի հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների բարելավմանն ու Ղարաբաղի հարցի՝ երկու կողմերին բավարարող կարգավորմանը։
Վ. Մ.

ԶԼՄ-ները՝ արդարադատութան նախարարին
Հայաստանի հեղինակավոր ինը լրատվամիջոցների ղեկավարները («Ժամանակ Երևան», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «168 ժամ», «Չորրորդ իշխանություն», «Տարեգիր», «Հրապարակ», «Հայք», «Իրավունք de facto») և Երևանի մամուլի ակումբը երեկ բաց նամակով դիմել են ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին, որում մասնավորապես ասված է. «Հայաստանում հետընտրական զարգացումներից ի վեր խոսքի ազատության դեմ յուրաքանչյուր բռնաճնշում, մարդու ազատությունների և իրավունքների դեմ ամեն մի անարդար որոշում կամ դատավճիռ ծանր հարված է հասցնում երկրի միջազգային վարկին և համարումին։ Խոսքի ազատությունը ճնշող ամեն մի քայլ էականորեն հարվածում է Հայաստանի միջազգային հեղինակությանը, լրջագույն կասկածներ հարուցում ժողովրդավարությանն ու համամարդկային արժեքներին Հայաստանի հավատարմության հանդեպ, որոնց պարտավորությունների կատարումը մեր երկիրն ստանձնել է միջազգային հեղինակավոր կառույցների առջև։
Ընթացիկ ամսին լրանում է «Ժամանակ Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հերթական հնարավորությունն ուսումնասիրելու ժամկետը։
...Որպես Հայաստանում հասարակական կարծիք ձևավորող լրատվամիջոցների ղեկավարներ և որպես «Ժամանակ Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործընկերներ, ակնկալում ենք, որ Ձեր անմիջական հսկողությամբ հնարավորություն կստեղծեք Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար։ Մեր համոզմամբ, 2006 թ. հունիսից ազատազրկված գլխավոր խմբագրի ազատումը էականորեն կլիցքաթափի երկրում պրկված քաղաքական լարվածությունը»։

«Պետք է փոխվի ժամանակավոր հանձնաժողովի աշխատակարգը»,- կարծում է ՀՀ օմբուդսմենը
Երեկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մի շարք լրատվամիջոցների հաստատել է մարտի 1-2-ի իրադարձությունները և դրանց պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու իր մտադրությունը։ Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը, օմբուդսմենին այդ հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկելու առաջարկ արել է ԵԽԽՎ-ն՝ հունիսի 25-ին ընդունած 1620 բանաձևով։
Նույն աղբյուրի հաղորդմամբ Արմեն Հարությունյանը մասնավորապես նշել է, որ 1620 բանաձևով Հայաստանի իշխանությունների առջև նոր պահանջներ են դրվել, ուստի պետք է փոխվի նաև ժամանակավոր հանձնաժողովի աշխատակարգը, որպեսզի որոշումները կայացվեն կոնսենսուսային սկզբունքով, նաև այն անդամների տեսակետերի հաշվառմամբ, որոնք կունենան միայն խորհրդակցական ձայնի իրավունք։
«Ենթադրում եմ, որ այս սկզբունքները որպես հանձնաժողովի գործունեության հիմք նույնպես պետք է նախատեսվեն կանոնադրության մեջ, որպեսզի հանձնաժողովը կարողանա աշխատել։ Այնտեղ կար նաև դրույթ, որ հանձնաժողովը պետք է իրավունք ունենա մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված որոշակի մարդկանց հրավիրել, հարցեր տալ և այլն»,- նշել է Արմեն Հարությունյանը։ Օմբուդսմենի կարծիքով հանձնաժողովի գործունեության նպատակներից մեկն էլ պետք է լինի նախագահական ընտրությունների և հետընտրական իրադարձութունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցի կազմումը։
Վ. Մ.

«Արդար Ռուսաստանը»՝ Սոցինտերնի անդամ
Երեկ Ռուսաստանի Պետդումայում իր թվակազմով չորրորդ քաղաքական ուժը՝ Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի գլխավորած քաղաքական կուսակցությունը, դարձել է Սոցինտերնի անդամ։ «Արդար Ռուսաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլայ Լևիչևի տեղեկացմամբ, «Արդար Ռուսաստանը» Սոցինտերնի կազմ ընդունելու որոշումը կայացվել է Աթենքում տեղի ունեցած համաժողովի ժամանակ, որտեղ հայտ ներկայացրած 70 կուսակցություններից միայն 4-ի դիմումն է արժանացել հավանության։ Լևիչևը, ըստ «Ռեգնում» գործակալության, տեղեկացրել է, թե իրենք մտադրություն ունեն Սոցինտերնում ստեղծել ԱՊՀ երկրներում գործող սոցիալիստական կուսակցությունների ֆորում, և այս գաղափարն արդեն հավանության է արժանացել սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցություններին միավորող այս կառույցում։ Սոցինտերնի շրջանակում ԱՊՀ երկրների ձախ կուսակցությունների ֆորում ստեղծելու գաղափարին իրենց աջակցությունն են հայտնել ՈՒկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ադրբեջանի, Ղազախստանի և նույնիսկ Հայաստանի ձախ կամ ձախակենտրոն քաղաքական կուսակցությունները։ Հիշեցնենք, որ հայաստանյան քաղաքական ուժերից Սոցինտերնում ներկայացված միակ կուսակցությունը Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է, որն այդ կազմակերպության անդամ է 1907 թվականից։
Վ. Մ.

Շտապի- չշտապի...
Օրերս ռուսական «Յունիաստրում» բանկը, որ խոշորությամբ 9-րդն է ՌԴ-ում, իր պաշտոնական կայքէջում տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ բանկի բաժնետոմսերի 80 տոկոսը պատրաստվում է վաճառել Bank of Cyprus կիպրոսյան բանկին, որ այդ նպատակով արդեն իսկ պայմանագիր էլ է կազմվել, ըստ որի` կիպրոսյան կողմն այս գործարքի համար ընդհանուր առմամբ 576 մլն ԱՄՆ դոլար է վճարելու ռուսական կողմին:
Բնականաբար, ընթերցողը կհարցնի, թե ինչու և ինչով է այս տեղեկատվությունն արժանացել մեր ուշադրությանը: Պատասխանենք: Բանն այն է, որ «Յունիաստրում» բանկի հիմնական բաժնետերերը երկուսն են` Պուտինին հավատարիմ Գեորգի Պիսկովը, ով, որոշ տեղեկությունների համաձայն, Մեծ Բրիտանիայում աշխատած տարիներին բավական մտերիմ է եղել նաև հայտնի Բերեզովսկու հետ` Կրեմլին կարևոր տեղեկություններ հայտնելու պայմանով և հայազգի Գագիկ Զաքարյանը, որն ասում են մեծ չափով էր վայելում Ռոբերտ Քոչարյանի վստահությունը: Ի դեպ, մեր լրատուները հավաստում են, որ հենց այդ վստահությունն է պատճառ եղել, որ իր «եքա դիրքն ու պաչյոտները» մի կողմ դրած` Գագիկ Զաքարյանը համաձայնել է ներկայացուցչի դերակատարություն ստանձնել Քոչարյանի համար: Այլ կերպ ասած` «Յունիաստրում» բանկի նախագահ, նաև բանկի տնօրենների խորհրդի նախագահ Պիսկովի հետ միասին 10 տոկոսով բաժնետեր հանդիսացող Զաքարյանն իրականում Քոչարյանին է ներկայացնում ոչ միայն այս ռուսական բանկում, այլև հայաստանյան «Յունիբանկում», որի բաժնետերերից մեկը, ինչպես գիտեք, հենց «Յունիաստրում» բանկն է և շատ-շատերի համար բավական անհասկանալի կապերով՝ «Էվաինվեստը»: Յուրաքանչյուրը, ի դեպ, այստեղ 50-ական տոկոս բաժնեմաս ունի, և ինչպես պնդում են մեր աղբյուրները` չնայած այն բանին, որ շատ շուտով հայաստանյան բանկի ղեկավարությունը տեղեկատվություն կտարածի այն մասին, որ «Յունիբանկի» կառուցվածքը չի փոխվելու, այդուհանդերձ, փոփոխություններ են սպասվում նաև այստեղ:
-Եթե կարճ կապենք` ստացվում է, որ ԲՀԿ նախագահ Ծառուկյանից, մյուսներից իր ունեցած բիզնեսները հետ ուզող Քոչարյանը մեր երկրից, այնուամենայնիվ, հանո՞ւմ է իր կապիտալը,- հարցնում եմ մեր տեղեկատուներից մեկին:
-Բա իհարկե: Հենց մեկը դու, որպես լրագրող, ժամանակին մի քանի անգամ «Քենիական սագա» վերնագրով քանի հոդված գրեցիր ամբողջ Քենիան իրար խառնած երկու եղբայրների` Արթուր Սարգսյանի և Արթուր Մարգարյանի մասին, որոնք այնտեղ ներկայանում էին որպես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարազատներ, և որոնց առիթով անգամ տեղի պառլամենտն էր ահռելի լսումներ կազմակերպել: Բա կարծում ես` էդ ամենը հենց էնպե՞ս էր, թե՞, որ իշխանությունները չէին պատասխանում էդ հոդվածներին, մտածեցիր, որ ահագին էլ դաստիարակված էին` բանի տեղ չդրին ձեր «ինտերնետային բամբասանքը»: Դե հիմա էդ ինֆորմացիայի կողքին դիր նաև էն արտահոսքը, որ քոչարյանն իր փողերը երկրից հանում՝ ու տանում է Քենիայի ադամանդագործության մեջ (անկեղծ ասած` մենք լսել էինք ոչ թե ադամանդագործության, այլ ադամանդի հանքերի շահագործման բիզնեսի մեջ - Գ.Ս.) դնում, որովհետև էդ երկրում օտարերկրյա ներդրողների անունները դրսի համար չեն հրապարակվում, կարծում ես` էդ ինչո՞վ է պայմանավորված,- ասում է մեր զրուցակիցը, ով ոչ մի գնով չկամեցավ հրապարակենք իր անունը...
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Եվրոպայի սիմվոլիկ հավաքականը
Եվրոպայի ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքներից ելնելով՝ ՈՒԷՖԱ-ի տեխնիկական վերլուծության կոմիտեն կազմել է Եվրոպայի սիմվոլիկ հավաքականը, ուր հաշվի են առնվել նաև ֆուտբոլասերների քվեարկությունների արդյունքներն այս կամ այն կոնկրետ խաղացողի օգտին։ Առաջնության լավագույն խաղացող է ճանաչվել Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խավի Էռնանդեսը։ Իսպանական «Բարսելոնի» 28-ամյա ֆուտբոլիստն աշխարհի առաջնությունում խփել է ընդամենը մեկ գնդակ, սակայն նրան լավագույն խաղացող ճանաչելու հարցում նկատի է առնվել իր թիմի խաղը կազմակերպելու նրա կարողությունները կամ, ինչպես խորհրդային ժամանակներում էին ասում, «դիսպետչերի» գործառույթներ կատարելու ունակությունը։
Ինչ վերաբերում է սիմվոլիկ հավաքականին, ապա այստեղ ընդգրկվել են 23 ֆուտբոլիստներ։ Դարպասապահներ՝ Ջան Լուիջի Բուֆոն (Իտալիա), Իկեր Կասիլյաս (Իսպանիա), Էդվին վան դեր Սար (Հոլանդիա)։ Պաշտպաններից լավագույններն են համարվել Բոսինգվան (Պորտուգալիա), Ֆիլիպ Լամը (Գերմանիա), Կարլոս Մարչենան և Կարլես Պույոլը (Իսպանիա), Պեպեն (Պորտուգալիա) և Անատոլի Ժիրկովը (Ռուսաստան)։
Լավագույն կիսապաշտպաններ են համարվել Համիդ Ալթինթոփը (Թուրքիա), Լուկա Մոդրիչը (Խորվաթիա), Մարկուս Սենան, Խավի Էռնանդեսը, Սեսկ Ֆաբրեգասը և Անյես Ինյեստան (Իսպանիա), Միխայել Բալակը և Լուկաշ Պոդոլսկին (Գերմանիա), Վեսլի Սնայդերը (Հոլանդիա), Կոստանտին Զիրյանովը (Ռուսաստան)։
Իսկ հարձակվողներից ՈՒԷՖԱ-ի տեխնիկական կոմիտեի հավանությանն են արժանացել իսպանացիներ Ֆերնանդո Տորեսը և Դավիթ Վիլյան, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի առաջատարներ Ռոման Պավլիչենկոն և Անդրեյ Արշավինը։
Գ. Մ.

Սադրիչ ամերիկացին
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԸՁԹ հեռուստաալիքը, ԱՄՆ-ի Ռիչարդ Նիքսոնի անվան կենտրոնի նախագահ Դմիտրի Սայմսը, որ հանդես է գալիս ԱՊՀ տարածքում առկա հակամարտությունների կարգավորման փորձագետի կարգավիճակով, երեկ հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղը ինչ-որ մեկի կողմից չճանաչված տարածք չէ։ Այն այսօր հանդիսանում է Հայաստանի ուղղակի մասը, և եթե Ադրբեջանն այն հետ չնվաճի, ապա ես չեմ տեսնում այլ մեխանիզմ, որի օգնությամբ այդ տարածքը կարող է վերադարձվել»։

Երբ գալիս է սեպտեմբերը
Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցությունը տարածել էր հաղորդագրություն, ուր նշել էր, թե այս փուլում նպատակահարմար չի համարում մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրություն իրականացնող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը, թեպետ այդ կուսակցությանը հանձնաժողովի կողմից եղել է այդպիսի հրավեր։ «Մեր մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո ԵԽԽՎ-ն լիագումար նիստով ապրիլի 17-ին ընդունեց 1609 բանաձևը, որում ՀՀ իշխանություններին կոչ արեց անհապաղ նախաձեռնել 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ու դրանց հանգեցրած հանգամանքների անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննություն։ Հունիսի 25-ին ԵԽԽՎ-ն ընդունեց 1609 բանաձևի կատարման վերաբերյալ նոր՝ 1620 բանաձև, որում մի քանի կետերով անդրադարձ կա ԱԺ հանձնաժողովին։ Մասնավորապես 4.5 կետում նշվում է, որ հետաքննող հանձնաժողովն ընդամենը վերջերս է կազմավորվել, և վեհաժողովն այս պահին չի կարող գնահատել դրա անկախության, թափանցիկության և վստահելիության չափորոշիչները։ Վեհաժողովը նաև հարկ է համարել նշել, որ հանձնաժողովի ձևաչափն ու կազմը ինքնին չեն երաշխավորում նրա անկախությունը և անկողմնակալությունը։ ՆԺԿ-ն ամբողջությամբ կիսում է ԵԽԽՎ-ի տեսակետերն ու մտահոգությունները, հետևաբար հանձնաժողովի աշխատանքներին իր մասնակցության որոշման հարցը հետաձգում է մինչև սեպտեմբեր»,- այսպիսի մեկնաբանությամբ է ՆԺԿ-ն առկախում իր մասնակցությունը հանձնաժողովին։ Համապատասխան բովանդակությամբ նամակ ուղարկվել է հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին։
Վ. Մ.

Դիտվել է՝ 3255

Մեկնաբանություններ